Նորություներ

«Կրթական համակարգում շախմատի վերաբերյալ երկիրն այլևս արտահանվող «պրոդուկտ» ու փորձ ունի»27.01.2015
««Շախմատը դպրոցում» երևույթը հայկական կրթական համակարգի հաջողության լավագույն պատմություններից մեկն է: Գուցե քիչ ժամանակ է անցել արդյունքներն ամփոփելու համար, սակայն վստահաբար կարող ենք ասել՝ նման տեսակի կրթական լայնամասշտաբ նախաձեռնությունը պատիվ է բերում երկրին՝ մեզ դարձնելով ավելի  հպարտ և վստահ միջազգային տարբեր հարթակներում»,- այսօր Մանկավարժական համալսարանում կայացած Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի բացման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 
 
Նախարարը խոստացավ լիարժեք և շարունակական աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման գործում և նկատեց՝ շատ հաճախ դրսից են վերցվում կրթական գաղափարներ ու առաջարկություններ, սակայն կրթական համակարգում շախմատի վերաբերյալ երկիրն այլևս արտահանվող «պրոդուկտ» ու փորձ ունի:
 
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ բուհում շախմատի հանդեպ մեծագույն հետաքրքրություն կա. եվրոպական և ամերիկյան առաջատար գործընկեր բուհերը ևս կրթական համակարգում կարևորում են շախմատի դերն և նշանակությունը: Ռեկտորը դա պայմանավորեց վերջերս Մանկավարժական համալսարանում 31 երկրների 180 ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջազգային կոնֆերանսով, որին մասնակցում էր նաև ՀՊՄՀ երիտասարդ մասնագետներից կազմված  խումբը: Ի դեպ, այդ խմբի մասնակիցներն էլ կլինեն նորաստեղծ կենտրոնի աշխատակիցները:
 
«Շախմատը հաջողությամբ որպես ուսումնական առարկա ներդրվել է հանրակրթական դպրոցներում. փորձը ցույց է տալիս, որ այն ունի կրթական և սոցիալական մեծ պոտենցիալ՝ հետաքրքրություն առաջացնելով բազմաթիվ առաջավոր համալսարանների մոտ»,-նշեց Կենտրոնի գիտահետազոտական ծրագրերի ղեկավար Վահան Սարգսյանը՝ ներկայացնելով կենտրոնի հիմնական մարտահրավերներն ու ակնկալվող արդյունքները:
 
Շախմատի արդյունավետության մասին հակասական պատկերացումներ, կրթական առաջընթացի և հատուկ կարիքի գնահատման գործիքակազմի բացակայություն, հետազոտության միջազգայնացման ցածր տեմպերի արդյունքներ և այլն. սրանց շուրջ է ծավալվելու նորաստեղծ կենտրոնի գործունեությունը՝ նպաստելով առաջին հերթին դպրոցներում շախմատի դասավանդման շարունակական բարելավմանը:
 
Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՀՊՄՀ սպորտի և շախմատի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանն էլ կենտրոնի բացումը համեմատեց նոր ծառ տնկելու հետ՝ ընդգծելով, որ տարիներ հետո ծրագրի տված պտուղները սպասված են լինելու ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի համար:
 
Նշենք, որ Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներն իրականացվելու են ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման միջոցների հաշվին: Կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Երևան քաղաքի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, կրթության ոլորտի պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:

Комментариев нет:

Отправить комментарий